Պատմությունը
Ապագան՝ երկու քայլի վրա
Իր նշանակության գիտակցմանը Երևանը եկավ 1926-ին։ Հենց այդ ժամանակ մայրաքաղաքի գլխավոր՝ Աբովյան փողոցի վրա սկսվեց շատ կանխատեսելի՝ «Երևան» անվանմամբ հյուրանոցի շինարարությունը։ Քաղաքի թիկունքում ոչ միայն 27 դար ձգվող վերելքների ու անկումների պատմությունն էր, այլև բոլորովին վերջերս տեղի ունեցած աղետները՝ քաղաքացիական պատերազմն ու Ցեղասպանությունը։
Քաղաքը, որ ընդամենը մի քանի տարի առաջ ոչ թե հյուրընկալել, այլ, կարծես, կլանել էր փախստականների քարավաններ, հանկարծ հավատաց խոստացված լուսավոր ապագային և մի տեսակ մանկական հապճեպությամբ անցավ դրա կառուցմանը։ Ու սկսեց հյուրանոցից։ Հյուրանոցի նախագծողը խորհրդային Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն էր՝ մարդ, որ փայլուն գիտեր հայոց մայրաքաղաքներից ամենագեղեցիկի՝ Անիի ճարտարապետությունը, քանի որ մասնակցել էր դրա պեղումներին ակադեմիկոս Նիկոլայ Մառի արշավախմբի կազմում, մարդ, որ հետագայում դարձավ Հայաստանում կառուցված տասնյակ նշանակալից շենքերի հեղինակ: 1928 թ. շահագործման հանձնված հյուրանոցը հենց առաջիններից էր:
Ալեքսանդր Թամանյանն արդեն մշակել էր քաղաքի նոր գլխավոր հատակագիծը,բայց դեռ կառուցված չէր և ոչ մեկը այն շինություններից, որ շուտով Երևանի այցեքարտերը պետք է դառնային: Չորս հարկանի հյուրանոցը դարձավ երևանյան երկնաքեր: Բայց դրա արտասովորությունը միայն բարձրության մեջ չէր: Այս շենքը չափազանց անսպասելի էր քաղաքի համար, չափազանց խայտաբղետ, չափազանց տոնական ու շքեղ, ասել է թե՝ չափազանց դասական իր նեոդասականության մեջ:«Երևանը» արմատապես փոխեց Երևանի պատկերացումները հարմարավետության մասին:
ANCIENT HISTORY AND HOSPITALITY TRADITIONS
Հյուրանոցի երեք հարկերում տեղակայված էին 78 ընդարձակ, լավ կահավորված սենյակներ, որոնցից 10-ը լյուքս համարներ էին, և միայն մեկը՝ 15 մահճակալներով հանրակացարան: Առաջին և նկուղային հարկերում տեղակայված էին այն ժամանակվա բոլոր հնարավոր սպասարկման սրահները՝ խոհանոց և հրուշակեղենի արտադրամաս, ռեստորան և մեքենաների կայանատեղի, գրասենյակ և լվացքատուն, վարսավիրանոց և տարադրամի կրպակ, լուսանկարչական սրահ և գրադարան: Մի խոսքով, արդեն իսկ իր նշանակության բերումով հյուրանոցը երևանյան կարևորագույն իրադարձությունների կիզակետն էր: Բայց առավել կարևոր էր մեկ ուրիշ բան՝ այն դարձավ մինչ այժմ այդքան անրջահյուս թվացող ապագայի իրական, շոշափելի մարմնավորումը: Եվ այդ ապագան այլևս ոչ թե հորիզոնի ետևում էր, այլ ընդամենը երկու քայլի վրա: